«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայկական եկեղեցիները պետք է վերադարձվեն օրինական տերերին

Հայկական եկեղեցիները պետք է վերադարձվեն օրինական տերերին
05.12.2008 | 00:00

ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թբիլիսիի սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ պարբերաբար կատարվող ոտնձգությունների դեմ բողոքի ալիքը Հայաստանում շարունակվում է։ Սուրբ Նորաշենը կառուցվել է 15-րդ դարի կեսերին` որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցի և ի սկզբանե գտնվել է Վիրահայոց թեմի կազմում։ 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին այլ կրոնական կառույցների հետ փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց։ Սակայն Վրաստանի անկախության վերականգնումից հետո վրացական իշխանությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը։
Վրաստանի կառավարությունը միջազգային հանրության առջև պարտավորվել է ստեղծել ժողովրդավարական պետություն, սակայն քաղաքական կամք չի ցուցաբերում իր երկրի` ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրների կապակցությամբ։ Փաստորեն, այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարելի է անվանել կրոնական և ազգային խտրականություն։
Հերթական անգամ վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլին իր կողմնակիցների հետ, կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել էր սուրբ Նորաշեն եկեղեցու բակում գտնվող Միքայել և Լիդիա Թամամշևների շիրմաքարերը։ Սակայն վրաց պատրիարքի միջամտությունից հետո շիրմաքարերը վերադարձվեցին իրենց տեղը։ Ավելի վաղ նույն Տարիել քահանա Սիկինչելաշվիլին և նրան ենթարկվող բանվորների խումբը սուրբ Նորաշենը և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսել էին կառուցել մետաղյա պարիսպ` ներառելով Վրաց ուղղափառ եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր։ Ի դեպ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև կա պայմանավորվածություն սուրբ Նորաշենն ու Թբիլիսիի ևս չորս հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու և հարցը քաղաքակիրթ շրջանակներում լուծելու վերաբերյալ։
Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների պաշտպանությանն ուղղված քայլերն ի՞նչ արձագանք են գտնում հարևան երկրում։ Այս հարցով դիմեցինք Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախագահ ԿԱՐԵՆ ԷԼՉՅԱՆԻՆ։ Նրա փոխանցմամբ, սակայն, այդ ամենը Վրաստանում որևէ կերպ չի լուսաբանվում. «Վրացական մամուլում գործում է շատ խիստ գրաքննություն, և Հայաստանի վերաբերյալ որևէ դրական մեկնաբանություն չի արվում։ Նույնիսկ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը, ում հետ այսօր զրուցել եմ, Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին տեղյակ չէր։ Օբյեկտիվ լրատվություն ստանում են միայն նրանք, ում հասանելի է ինտերնետը և կարողանում են ինֆորմացիա հայթայթել»։ Կ. Էլչյանի տեղեկացմամբ` Վրաստանում նույն խնդիրն ունեն նաև մյուս եկեղեցիները։ Կաթոլիկ եկեղեցին իր հարցերը վիճարկում է միջազգային դատարանում։ Սակայն մեր խնդիրն ավելի մասշտաբային է, քանի որ այն ոչ միայն հոգևոր, այլև ազգային հարց է։
Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի ղեկավարի խոսքով` տեղի ունեցողն անմիջապես անդրադառնում է հայ-վրացական հարաբերությունների վրա։ «Վրացական ֆորումներում հենց հայերը փորձում են խոսել իրենց իրավունքների մասին, այդ բոլոր թեմաները դառնում են հակահայկական տրամադրությունները զարգացնելու առիթ»,- ասում է Կ. Էլչյանը և ավելացնում, որ հայկական եկեղեցիների հարցը բարձրացնելիս չպետք է մոռանալ արդեն վրացականացված մեր տաճարների մասին։ «Միայն Թբիլիսիում կա վեց հայկական եկեղեցի, ևս մեկը` սուրբ Նշանը, Ախալցխայում։ Մենք պետք է պահանջենք նվազագույնը յոթ եկեղեցի։ Չպետք է մոռանանք նաև այն եկեղեցիները, որոնք վրացիներն արդեն յուրացրել են»,- ասում է Կ. Էլչյանը։
Նշենք, որ Վրաստանի անկախության հռչակումից ի վեր երկրի իշխանությունները չեն ընդունել կրոնի մասին օրենք։ Կրոնական կազմակերպությունները, բացառությամբ Վրաստանի ուղղափառ եկեղեցու, կարող են գրանցվել միայն որպես ոչ կառավարական կամ հասարակական կազմակերպություն։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4140

Մեկնաբանություններ